Դիջիպատում

Մանուշակ Աբրահամյան

untitled_14

Երկար մտածելուց հետո  որոշեցի սկսել հենց 2013-ի մարտից: Չնայած 2012-2013 ուս տարին ամփոփել եմ Հաշվետվությանս մեջ, սակայն ուզում եմ ավելի մանրամասն ներկայացնել:
Ուրեմն այսպես…
Անակնկալ տեղափոխությունս 1-ին դասարան, ճիշտն ասած, մի փոքր շփոթության մեջ գցեց ինձ: Պետք է նորից վերհիշեի անցածս ճանապարհը, պետք է նորից համակերպվեի այն մտքին, որ այս երեխաները ընդամենը 5-6 տարեկան փոքրիկներ էին, ոչ թե 4-րդ դասարանցիներ, ովքեր հասկանում էին ինձ կես խոսքից, պետք է համբերատար նորից ու նորից կրկնեի խոսքերս մինչև հասկանելի լինեի փոքրերին:

<<Այս ու՞ր եմ ընկել>>եղավ  առաջին պահի արձագանքս, երբ մտա 1-ին դասարան:  Խոր շունչ քաշելուց հետո, փորձեցի իրավիճակին վերահսկել: Երբ ավարտվեց առաջին օրը, ինձ թվում էր, թե մեկ շաբաթ է անցել: Ախր շատ փոքր էին:

Ի՞նչ է մոռացել էի, որ իմ 4-րդներն էլ էին փոքր եղել: Չէ որ նրանց  էլ էի սովորեցրել ինքնուրույն կապիչներ կապել, գուաշից ու ջրաներկից, մկրատից ու սոսնձից ճիշտ օգտվել: Նրանց <<Ես չեմ կարող>>-ին էլ էի համոզել <<Չէ, որ դու արդեն մեծ ես և ամեն ինչ կարող ես, փորձիր և կստացվի>>-ով:

Հաջորդ օրերն ավելի հետաքրքիր և բովանդակալից էին, իսկական իմացումի հրճվանք էի ապրում յուրաքանչյուր երեխայի հետ: Ամեն անգամ, երբ նրանցից մեկն ինչ որ նոր բան էր հայտաբերում կամ  սովորում և հրճվանքից թռվռում,սիրտս բերկրանքով էր լցվում:
Այսպես  խաղալով ու սովորելով էլ անցան օրեր, շաբաթներ, ամիսներ և չնկատեցինք, թե ինչպես ավարտվեց ուսումնական տարին:
Ամառվա ընթացքում առցանց աշխատեցի 2-րդ դասարանի դասվարների խմբի հետ: Առցանց աշխատանքի ընթացքում միասին կազմեցինք և ամբողջացրեցինք 2-րդ դասարանի առաջին կիսամյակում իրականացվելիք նախագծերի փաթեթը:

Նոր ուսումնական տարի , նոր ընկերներ, նոր նախագծեր, նեթբուք-նոթբուքի կիրառում.բուռն տարի էր մեզ սպասվում: Անկեղծ ասած, ինչքան էլ հասկանում էի նեթբուք-նոթբուքի արդյունավետ կիրառումը նպաստելու է ուսուցմանը, այնուամենայնիվ լիարժեք չէի պատկերացնում, թե ինչպես եմ այդ նոր ուսումնական գործիքը ներմուծելու  6 տարեկան երեխաների ուսումնական գործունեության մեջ:
Մտահոգված էի, սակայն օր-օրի մտավախություններս հօդս ցնդեցին, իսկ մեկ ամիս հետո ես հպարտությամբ հետևում էի, թե ինչպես են այդ փոքրիկ չարաճճիները հմտորեն միացնում նեթբուքը, բացում paint ծրագիրը, նկարում, պահպանում աշխատանքն ու անջատում:Մի փոքր տեխնիկական դժվարություններ առաջացան, երբ սկսեցինք մուտքագրել : Դա իր դրական կողմն ուներ, քանի որ ես ևս մեկ հմտություն ձեռք բերեցի(KDWin-ի տեղադրում): Սկզբում դժվար էր նաև անգլերեն ստեղնաշարի վրա գտնել հայերեն տառերի տեղերը, սակայն դա էլ էր ժամանակավոր, երեխաներն իրենք էին մեկը մյուսին օգնելով մուտքագրում: Այժմ ես հպատությամբ կարող եմ նշել, որ նեթբուքը մեզ համար և գիրք է, և տետր, և նկարչական ալբոմ: Մի խոսքով, այն ամենն ինչ մեզ այդ պահին անհրաժեշտ է: Նոթբուքի շնորհիվ աննկատ անցանք տառաճանաչության փուլը և արդեն կարողանում ենք կարդալ: Կարող եք ծանոթանալ նաև մեր անհատական մեդիաայբբանարաններին:

Ի դեպ, մոռացա նշել, որ Հյուսիսային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող եմ:

Կարծում եմ, 2014-ն էլ իր անակնկալ հաջողություններով և ձեռք բերումներով   չի զիջի 2013:

Оставьте комментарий